Մայր աթոռի կացարաններում Արցախից բռնի տեղահանված 60 անձի ապաստան է տրամադրվել։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռ սուրբ Էջմիածինը։
Արցախցիներին այս օրերին այցելել են Ռումինիայի և Բուլղարիայի հայոց թեմերի առաջնորդ Տաթև եպիսկոպոս Հակոբյանը և Մայր աթոռի միաբան Ռուբեն վարդապետ Զարգարյանը։
«Արցախից բռնի տեղահանվածներին կացարանով ապահովելու խնդիրը շարունակում է մնալ Գարեգին Երկրորդ ամենայն հայոց հայրապետի հատուկ ուշադրության կենտրոնում։ Ինչպես Մայր աթոռում, այնպես էլ տարբեր թեմերում շարունակվում են տեղահանվածներին կացարաններով ապահովելու աշխատանքները»,– ասված է հաղորդագրությունում։
Նշենք, որ հոկտեմբերի 2–ի ժամը 16։00–ի դրությամբ Արցախից բռնի տեղահանվածների թիվը 100 հազար 520 է։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։