ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Թեհրանը դեմ է տարածաշրջանում միջազգային սահմանների և աշխարհաքաղաքականության փոփոխությանը։ Հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին` մեկնաբանելով ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած այցի արդյունքները և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը։ Տեղեկությունը հաղորդում են իրանական ԶԼՄ–ները։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 1–ին ՀՀ անվտանգության խորհրդի նախագահ Արմեն Գրիգորյանն այցելել է Իրան, որտեղ բանակցություններ է վարել ԻԻՀ Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ:
«Թեհրանը հանդես է գալիս տարածաշրջանի բոլոր երկրների շահերն ապահովող հաղորդակցության ուղիների զարգացման օգտին, սակայն մենք դեմ ենք սահմանների փոփոխությանը»,– նշել է Քանանին։ Նրա խոսքով՝ իրանական կողմը հստակ արտահայտել է իր դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ։
Քանանին նշել է, որ Գրիգորյանի այցը Իրան տեղավորվում է երկկողմ շփումների տրամաբանության մեջ: Նա ավելացրել է, որ ՀՀ ԱԽ քարտուղարը իրանական կողմին մանրամասն տեղեկացրել է տարածաշրջանում տիրող իրավիճակի և Երևանի ու Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին:
Հիշեցնենք, որ պաշտոնական Երևանը բազմիցս մերժել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» բացելու Բաքվի և Անկարայի գաղափարը՝ նշելով, որ կտրականապես դեմ է իր տարածքում արտատարածքային որևէ ճանապարհի: Իրանի իշխանությունները ևս բազմիցս իրենց աջակցությունն են հայտնել ՀՀ իշխանություններին ու տարածքային ամբողջականությանը՝ ընդգծելով, որ Թեհրանը չի հանդուրժի տարածաշրջանում սահմանների փոփոխություն:
2023 թ. սեպտեմբերի 26–ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան կանի հնարավորը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» շուտափույթ բացման համար: Ընդ որում, նա նշել է, որ եթե Հայաստանը չմասնակցի այդ նախագծին, ապա ճանապարհը կարող է անցնել Իրանի տարածքով։