ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Երևանում 28 տարեկան երիտասարդ է ձերբակալվել նախկին փեսային սպանելու կասկածանքով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։
«Սեպտեմբերի 30-ին` ժամը 21-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Կոնդի տներից մեկում նախկին փեսան դանակով հարձակվել է իր վրա, ինքը պաշտպանվել է և խողովակով հարվածել նրա մարմնի տարբեր մասերին, նաև գլխին»,– ասված է հաղորդագրությունում:
Հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղից օպերատիվ խումբ է մեկնել նշված հասցե:
Մարմնական վնասվածքներ ստացած և անգիտակից վիճակում գտնվող 43-ամյա նախկին փեսային շտապօգնության խումբը տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ ահազանգողը` Սիսիանի բնակիչ 28-ամյա երիտասարդը ժամը 21.45-ին սպանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Կենտրոնական բաժին:
Ժամը 22.45-ին հիվանդանոցից հայտնել են, որ 43-ամյա տղամարդը, գիտակցության չգալով, մահացել է:
Նախապատրաստված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին: Հանգամանքները քննությամբ պարզվում են: