ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի - Sputnik. ՌԴ խաղաղապահները շարունակում են ապահովել Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղի տարածքից ինքնուրույն դուրս եկող խաղաղ բնակիչներով ավտոմեքենաների տեղաշարժի անվտանգությունը։ Տեղեկությունը հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից։
«Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները շուրջօրյա ռեժիմով ուղեկցում են պարենային շարասյուները, այդ թվում ՝ քաղաքացիական տարհանման ուղերթները, որոնք իրականացվում են անձնական ավտոտրանսպորտ չունեցող խաղաղ բնակիչների տեղափոխման համար: Ռուսական խաղաղապահ զորակազմի դիտակետերում բերվել է խմելու ջրի, դեղորայքի և վառելիքի անհրաժեշտ պաշար։ Կարիքավորներին ցուցաբերվում է մարդասիրական օգնություն»,-հայտնում են ՌԴ ՊՆ-ից։
Նշվում է նաև, որ ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակական փոխգործակցություն է պահպանում Բաքվի և Ստեփանակերտի հետ ՝ ուղղված արյունահեղության կանխմանը, անվտանգության ապահովմանը և Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության նկատմամբ մարդասիրական իրավունքի նորմերի պահպանմանը:
Հավելենք, որ հայկական տելեգրամյան ալիքների տվյալներով, Լեռնային Ղարաբաղի երեք նախկին նախագահները, Արցախի կառավարության մեծ մասն ու ուժայինների ղեկավարները, բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, հոկտեմբերի 1-ի երեկոյան տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Սեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը, նրանք զանգվածաբար լքում են իրենց բնակավայրերը և տեղափոխվում Հայաստան։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։