ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված անձանց թվում 29 հազար երեխա կա։ Տեղեկությունը հայտնում է ՄԱԿ–ի մանկական հիմնադրամի (ՅՈւՆԻՍԵՖ) իտալական բաժանմունքը։
«ՅՈւՆԻՍԵՖ-ը Գորիսում անվտանգ տարածք է ստեղծել, որտեղ ամեն օր ընդունում են շուրջ 300 երեխայի և նրանց ծնողների։ Կենտրոնում գործում է խաղահրապարակ, կրծքով կերակրող մայրերի համար կա առանձնացված տարածք, և մանուկների աջակցման ծրագրեր են գործում բարդ խնդիրները լուծելու համար»,– ասված է հաղորդագրության մեջ։
Հիմնադրամն առողջապահական մարմիններին տրամադրել է երեխաների համար նախատեսված դեղեր և անհրաժեշտ նյութեր, որպեսզի բաշխվեն այն տարածքների բժշկական հաստատություններին, որտեղ մեծ թվով տեղահանվածներ կան։
Նշվում է, որ Գորիսի և Վայքի կենտրոններում տեղադրվել է 15 շարժական բիոզուգարան, Երևանի կենտրոնում 100 ընտանիքի համար տրամադրվել են ընտանեկան հիգիենիայի փաթեթներ:
Այսօր ՀՀ կժամանեն նոր բեռներ, որոնք միջազգային կազմակերպությունը կբաշխի տեղահանված երեխաներին և ընտանիքներին:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։