ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Ի աջակցություն Արցախի և Բաքվի կողմից կալանավորված հայերի Երևանի դիվանագիտական ներկայացուցչությունների մոտ բողոքի ակցիաներ են իրականացվում։
Երիտասարդներն արդեն եղել են Ֆրանսիայի, Ռուսաստանի դեսպանատների մոտ։ Երթով շարժվելու են նաև դեպի Եվրոպական միության և ԱՄՆ դեսպանատներ։
Քաղաքացիներն իրենց ձեռքերում պահում են «կանգնեցրե՛ք Ալիևին», «դադարեցրե՛ք 2023 թվականի Հայոց ցեղասպանությունը», «կանգնեցրե՛ք Ալիևին, փրկե՛ք Արցախը», «Ռուբե՛ն, քեզ հետ ենք» և այլ գրառումներով պաստառներ, ինչպես նաև Հայաստանի ու Արցախի դրոշներն են ծածանում։ Մարդիկ նաև բերել են Ստեփանակերտ–Կոռնիձոր ճանապարհին կուտակված մեքենաների, ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վիրավորված երեխայի, Բաքվում կալանավորված ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանի, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի լուսանկարները։
Ակցիայի մասնակիցներից մեկը` Տիգրանը, նշեց, որ 3 հիմնական նպատակ ունեն` վերջ տալ Արցախում տեղի ունեցող էթնիկ զտումներին, Ալիևի ցեղասպան քաղաքականությանը և վերադարձնել Ռուբեն Վարդանյանին, Լևոն Մնացականյանին, Դավիթ Բաբայանին, Դավիթ Մանուկյանին Հայաստան։
«Մենք նամակներ ենք փոխանցում Ֆրանսիայի, Ռուսաստանի, Եվրոպական միության և ԱՄՆ դեսպանատներին։ Հստակ նշում ենք մեր խնդրանք–պահանջները, որպեսզի առավել հասցեական քայլեր արվեն, այսինքն` ոչ միայն կոչեր լինեն, այլ դիվանագիտական օղակներով դատապարտեն Ալիևի վարած քաղաքականությունը»,– նշեց Տիգրանը։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը ձերբակալել է Ռուբեն Վարդանյանին, երբ նա փորձել է լքել Արցախը։ Ավելի ուշ պարզվեց, որ նրան 3 մեղադրանք է ներկայացվել, և ադրբեջանական դատարանը Արցախի նախկին պետնախարարին 4 ամսով կալանավորելու որոշում է կայացրել։
Հավելենք, որ սեպտեմբերի 19-20-ին Արցախի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով վերջին տվյալներով Արցախից բռնի տեղահանված 100 520 քաղաքացի է տեղափոխվել ՀՀ։