ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում լույս աշխարհ է եկել Արցախից բռնի տեղահանված ընտանիքի առաջնեկը: Տեղեկությունը հայտնում է Վանաձորի բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունը։
Ծնողները փոքրիկին Ադել են անվանակոչել:
«Երեխայի ընտանիքը սպասել է նրան շուրջ 19 տարի: Ընտանիքը Հայաստան է տեղափոխվել 2 օր առաջ՝ 4 օր անցկացնելով ճանապարհներին: Փոքրիկ Ադելի ծնողներն այս ողջ ընթացքում եղել են շրջափակման մեջ»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ փոքրիկի մայրը մասնագիտությամբ բուժաշխատող է, մասնակցել է քառօրյա պատերազմին, եղել է զինվորական հոսպիտալի վերակենդանացման և վիրահատական բաժանմունքի բուժքույրը, 44-օրյա պատերազմի ժամանակ ևս ակտիվ մասնակցություն է ունեցել, եղել է բուժկետի պետը:
Մայրիկի և փոքրիկի առողջական վիճակը բժիշկները գնահատվում են բավարար:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Սեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը, նրանք զանգվածաբար լքում են իրենց բնակավայրերը և տեղափոխվում Հայաստան։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։