ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար, գեներալ Ալի Աքբար Ահմադիանը հայ գործընկեր Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանն ընդգծել է` Կովկասի տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ են բոլոր կողմերի ջանքերը։ Տեղեկությունը հայտնում է Tasnim իրանական գործակալությունը։
Ահմադիանը շեշտել է, որ դա կարևոր է ոչ միայն խաղաղության, այլև անվտանգության տեսանկյունից։ Իրանի անվտանգության ծառայության բարձրաստիճան պաշտոնյան զգուշացրել է` տարածաշրջանում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն կխախտի կայունությունը և կխորացնի ճգնաժամերը։
Ահմադիանը վերահաստատել է հարևանների հետ համագործակցությունն ու փոխգործակցությունը խրախուսելու Իրանի քաղաքականությունը։
«Տարածաշրջանի երկրների միջև անկեղծ և կառուցողական երկխոսությունը ճանապարհ կհարթի կայուն անվտանգության, հավասարակշռված զարգացման, ինչպես նաև տարածաշրջանի բնակչության բարեկեցության և հարմարավետության համար»,– ասել է իրանցի պաշտոնյան:
Նա նաև ասել է, որ իր երկիրը պատրաստ է առիթ ստեղծել տարածաշրջանի պետությունների միջև հանդիպումների համար:
Գրիգորյանն իր հերթին ընդգծել է Իրանի արդյունավետ դերը Կովկասում խաղաղության և կայունության հաստատման գործում՝ խնդրելով Թեհրանին շարունակել իր դերակատարությունն այդ հարցում:
Բարձր գնահատելով Հայաստանի և Իրանի միջև բազմադարյա հարաբերությունները՝ ԱԽ քարտուղարը հայտարարել է Երևանի պատրաստակամության մասին՝ տարբեր ոլորտներում ընդլայնելու կապերը Թեհրանի հետ:
Հայ պաշտոնյան կոչ է արել նաև անհապաղ ավարտել Իրանի հետ համատեղ տնտեսական, առևտրային և արդյունաբերական նախագծերը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արմեն Գրիգորյանը Թեհրանում է, պատրաստվում է հանդիպել իրանցի գործընկերոջ և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Հիշեցնենք` Գրիգորյանն օգոստոսի 7-ին Ահմադիանի հետ հեռախոսազրույց էր ունեցել, որի ընթացքում կողմերը խոսել էին Հայաստան–Իրան տնտեսական համագործակցության, ինչպես նաև հետագա փոխգործակցության հարցերի շուրջ։
Նախորդ անգամ Գրիգորյանն Իրան էր մեկնել ապրիլի 9-ին։ Նա հանդիպել էր Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի այն ժամանակվա քարտուղար Ալի Շամխանիի հետ։ Նրանք քննարկել էին Հարավային Կովկասում սահմանների հնարավոր փոփոխության մասին, որի ժամանակ Շամխանին ասել էր` սահմանների ցանկացած փոփոխություն հղի է լարվածության սրմամբ, ինչն էլ կխարխլի կայությունն ու անվտանգությունը։