Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

Հետևում եմ ԼՂ–ում փախստականների հետ կապված դրամատիկ իրավիճակին. Հռոմի պապի կոչը

Ֆրանցիսկոս պապը հույս է հայտնել, որ համաձայնագիր կկնքվի հումանիտար ճգնաժամը դադարեցնելու համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Հռոմի Ֆրանցիսկոս պապը Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության հաստատման կոչ է արել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Այս օրերին ես հետևում եմ Լեռնային Ղարաբաղում փախստականների հետ կապված դրամատիկ իրավիճակին», - հայտարարել է նա Սուրբ Պետրոսի հրապարակում կիրակնօրյա ավանդական քարոզից հետո:
Ֆրանցիսկոս պապը հույս է հայտնել, որ համաձայնագիր կկնքվի հումանիտար ճգնաժամը դադարեցնելու համար:
«Ես կրկին դիմում եմ Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսության կոչով։ Հուսով եմ, որ կողմերի միջև բանակցությունները միջազգային հանրության աջակցությամբ կնպաստեն երկարաժամկետ համաձայնագրին, որը վերջ կդնի հումանիտար ճգնաժամին», - ասել է քահանայապետը՝ դիմելով հավատացյալներին։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Սեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը, նրանք զանգվածաբար լքում են իրենց բնակավայրերը և տեղափոխվում Հայաստան։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։