ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Արցախից բռնի տեղահանված 363 բուժառու այս պահին բուժում է ստանում Հայաստանի տարբեր բուժհաստատություններում։ Այս մասին հումանիտար կենտրոնում ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
«Նրանցից 214-ը պայթյունից (Ստեփանակերտի մոտ վառելիքի պահեստի,–խմբ.) վնասվածքներ ստացած քաղաքացիներն են, իսկ 114-ը` ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացածները։ Մյուսները տարբեր խրոնիկ կամ թերապևտիկ հիվանդություններով են մուտք գործել բուժհաստատություններ»,– նշեց Բաղդասարյանը։
Նրա խոսքով` հիվանդների շրջանում բավականին մեծ թիվ են կազմում ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող անձինք։
Վերակենդանացման բաժանմունքներում նաև երեխաներ կան, որոնց վիճակը գնահատվում է ծանր և ծայրահեղ ծանր։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Սեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը, նրանք զանգվածաբար լքում են իրենց բնակավայրերը և տեղափոխվում Հայաստան։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։