Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

«ԵՄ, դադարի'ր լինել մտահոգված». վիրահայերն ի աջակցություն Արցախի երթ են կազմակերպել

Վրաստանում ապրող հայերը երթի ընթացքում եղել են Վրաստանում ԵՄ–ի և ՄԱԿ–ի գրասենյակների մոտ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Վրաստանում ապրող բազմաթիվ հայեր ի աջակցության Արցախի երթ են կազմակերպել։ Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի հայկական համայնքի ֆեյսբուքյան էջից։
Ակցիայի մասնակիցները Հայաստանի, Արցախի և Վրաստանի դրոշներով ու պաստառնորով քայլերթով գնացել են Եվրոպական միության ներկայացուցչության գրասենյակի մոտ։

««ԵՄ–ի անտարբերությունը սպանում է մարդկանց», «SOS Արցախ», «ԵՄ, դադարի՛ր լինել մտահոգված, պատժամիջոցներ կիրառիր», «Ադրբեջանական գազը հայկական արյան հոտ ունի»»,–գրված է պաստառներին։

Պաստառներից մեկին էլ պատկերված են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և գերմանացի քաղաքական գործիչ, Նացիստական կուսակցության առաջնորդ Ադոլֆ Հիտլերը։ Նրանց նկարների մեջտեղում հավասարության նշան է դրված։
ԵՄ գրասենյակի մոտից վիրահայերը շարժվել են դեպի Վրաստանում ՄԱԿ–ի գրասենյակ`քայլերթերի ընթացքում Արցախ վանկարկելով և երգելով «Գինի լից» ռազմահայրենասիրական երգը։
Տեսանյութը` ԱՅՍՏԵՂ։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Սեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը, նրանք զանգվածաբար լքում են իրենց բնակավայրերը և տեղափոխվում Հայաստան։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։