ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Անթիլիասի Մայրավանքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում աղոթք է հնչել ի զորակցություն Արցախի ժողովրդի։ Տեղեկությունը հայտնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանը։
Նշենք, որ աղոթքը հնչեցվել է համազգային աղոթքի շրջանակում։
«Արցախ աշխարհի առաջ ծառացած վերջին աղետը ծանր հետևանքներ ունեցավ մեր ժողովրդի համար` ստեղծելով անորոշության մթնոլորտ։ 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունը հայ ժողովրդին դեմ կրկնվեց 21-րդ դարում։ Դարձյալ ավերածություններ, նահատակներ և աքսոր... Դարեր շարունակ հայի արյունով ու ստեղծագործ ոգով պատված Արցախն այսօր թշնամու ձեռքերում է։ Չհուսահատվե՛ք, չընկրկե՛ք և սատանայի կամքին չհանձնվե՛ք։ Մենք սուրբ խաչ ունենք որպես ապավեն և պաշտպան»,– ասել է Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Թորգոմ եպիսկոպոս Տոնոյանը։
Կատարվել է նաև հոգեհանգստյան կարգ` Արցախ աշխարհի պաշտպանության և պահպանության համար նահատակված հերոս հայորդիների հոգիների համար։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում և բոլոր եկեղեցիներում աղոթք է բարձրացվում ի զորակցություն Արցախի ժողովրդի, որը բռնի կերպով տեղահանվել է իր հայրենի հողից` ենթարկվելով տառապանքների։