Արցախից բռնի տեղահանվածներին ՀՀ բերող վերջին ավտոբուսներն են սրանք: Ստեփանակերտից հեռացել են ուշ գիշերը և 2:30-ի կողմերը հասել Կոռնիձոր:
Մոտ 40 ավտոբուսներով 2000 արցախցիները լքեցին իրենց հայրենի տունն ու հողը: Առավոտյան իրենց տներից տեղահանված մարդիկ տեղափոխել են Գորիս՝ օգնության կենտրոն։
Ինչպես Sputnik Արմենիային հայտնեց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Երևանից այլևս ավտոբուսներ չեն գնա Լեռնային Ղարաբաղ բնակիչներին դուրս բերելու համար։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Սեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը, նրանք զանգվածաբար լքում են իրենց բնակավայրերը և տեղափոխվում Հայաստան։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Երեկ` սեպտեմբերի 29–ի Ժամը 22:00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 98 929 անձ էր ժամանել Հայաստանի Հանրապետություն։