ՌԴ խաղաղապահները Հայաստանից ավելի քան 15 տոննա ալյուր են հասցրել Ստեփանակերտի հացի գործարան, որտեղ հաց կթխեն Լեռնային Ղարաբաղում մնացած հայ բնակչության համար։ Այս մասին հայտնում է խաղաղապահների Տելեգրամ- ալիքը։
Բացի այդ, ռուսական խաղաղապահ զորակազմի «Օռլան-10» անօդաչու թռչող սարքի միջոցով իրականացվում է Լեռնային Ղարաբաղում իրադրության մոնիթորինգ: Կատարվում են հրադադարի ռեժիմի պահպանման և ռազմական գործողությունների մշտադիտարկման առաջադրանքներ։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Սեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը, նրանք զանգվածաբար լքում են իրենց բնակավայրերը և տեղափոխվում Հայաստան։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։