Երևանում Մատենադարանի մոտ հարյուրավոր մարդիկ ակցիա են անցկացնում ի աջակցություն Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին և մյուսների, որոնց ձերբակալել են ադրբեջանցիները` արցախանպաստ գործունեության համար։
Երևանում ակցիա է ընթանում՝ ի աջակցություն Ռուբեն Վարդանյանի և մյուս ձերբակալվածների
© Sputnik
Երթի կազմակերպիչներից մեկի՝ Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Ռուբեն Հայրապետյանի խոսքով, վայրը պատահական չի ընտրվել, քանի որ այն խորհրդանշում է կրթության և գիտության զարգացման գործում մեծ ներդրում ունեցած Ռուբեն Վարդանյանի գործունեությունը։
Երևանում ակցիա է ընթանում՝ ի աջակցություն Ռուբեն Վարդանյանի և մյուս ձերբակալվածների
© Sputnik
«Այն, ինչ հիմա անում է Ադրբեջանը, հանցագործություն է ոչ միայն մարդկության, այլև քաղաքակրթության դեմ։ Եվ այս նախաձեռնությունը, այս երթը չափազանց կարևոր է մեր ընդհանուր պայքարի համատեքստում։ Ռուբեն Վարդանյանը՝ որպես քաղաքակիրթ մարդ, որպես համակողմանի զարգացած և կրթված մարդ, իսկական հայի օրինակ է, և նրա ողջ գործունեությունն արտացոլում է հայ ժողովրդի միտքը, գործն ու արժեքները»,- ասաց Հայրապետյանը։
Երևանում ակցիա է ընթանում՝ ի աջակցություն Ռուբեն Վարդանյանի և մյուս ձերբակալվածների
© Sputnik
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ղեկավար Արման Ջիլավյանն էլ նախ Ռուբեն Վարդանյանի ընտանիքի անունից բոլոր ներկաներին շնորհակալություն հայտնեց երթին մասնակցելու համար, այնուհետև հայտարարեց, որ մարդասիրության համաշխարհային առաջնորդներն իրենց աջակցությունն են հայտնում Ռուբեն Վարդանյանին։
««Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի կալանավորումը վրդովվեցուցիչ է և ունի քաղաքական դրդապատճառներ։ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որին Ռուբենն այնքան ուժ է տվել, արդեն ութ տարի մեծարում և աջակցում է նրանց գործունեությունը, ովքեր պայքարում են մարդու հիմնական իրավունքների համար ամբողջ աշխարհում՝ հաճախ վտանգելով սեփական կյանքը։ Զավեշտն այն է, որ այժմ Ռուբենը դարձել է այն նույն հետապնդումների զոհը, ինչպես նրանք, որոնց նա ձգտում էր օգնել որպես մարդու իրավունքների պաշտպան»,–ասաց Ջիվալյանը։
Նրա խոսքով` երբ Վարդանյանը ավելի քան մեկ տարի առաջ տեղափոխվեց Արցախ, մինչև Լաչինի միջանցքի շրջափակումը, և մինչև վերջին ռմբակոծությունները, նա գիտեր, որ գոյություն ունի զգալի վտանգ, բայց լի էր վճռականությամբ՝ օգնել գտնելու հակամարտության խաղաղ լուծում։
Երևանի «Մատենա» միջազգային դպրոցում երթի մասնակիցները աջակցության խոսքեր են գրում՝ ի պաշտպանություն Ռուբեն Վարդանյանի և Բաքվում պահվող մյուս հայերի
© Sputnik
«Ռուբենի կալանավորումը, մարդ, որը վերջին 20 տարիները նվիրել է տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացմանը, անարդարացի է։ Դա զրկում է նրան հիմնական իրավունքներից, ինչպես եւ տարածաշրջանի հազարավոր հայերին, որոնց հիմնարար իրավունքները խախտվում են ամեն օր»,–ասաց նա։
Արման Ջիլավյանի խոսքով` Ռուբեն Վարդանյանին գերության մեջ են պահում նրա համար, որ աջակցել է Արցախի բնակիչներին և նրանց դեմոկրատական ապրելակերպի իրավունքներին։ Ադրբեջանի կառավարությունը պետք է ազատ արձակի նրան և հարգանք ցուցաբերի նրա և տարածաշրջանի բոլոր հայերի իրավունքների հանդեպ։
Ռուբեն Վարդանյանի քույրը` Մարինա Ալեսը
© Sputnik
Սեպտեմբերի 27-ին ադրբեջանցի զինվորականները Ստեփանակերտից հեռանալիս բերման են ենթարկել նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին և ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանին։ Սեպտեմբերի 29–ին Հակարի կամրջի անցակետն անցնելիս ադրբեջանցի սահմանապահները ձերբակալել էին ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։
Շուշան Պետրոսյանը ակցիային
© Sputnik
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Սեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը, նրանք զանգվածաբար լքում են իրենց բնակավայրերը և տեղափոխվում Հայաստան։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։