Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնյայից կբռնագանձեն 19 անշարժ գույք և 451 մլն դրամ

Երևանի քաղաքապետարան
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության նախկին պետ Անդրանիկ Քասարյանից և վերջինիս փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 19 անշարժ գույք և 451 մլն դրամ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազությունը։
Դատախազությունը պահանջում է բռնագանձել`
• 19 անշարժ գույք՝ Երևանի Կենտրոն համայնքում, 4 տրանսպորտային միջոց, 5 չմարված ավանդի գումար՝ 47 մլն 190 հազար դրամ, 1 անշարժ գույքի գնման իրավունք, տրամադրված փոխառության 2 պահանջի իրավունքի ապօրինի մասերը՝ 246 մլն 615 հազար 166 դրամ, 3 իրավաբանական անձում մասնակցություն։
• 230 մլն 150 հազար 585 դրամ՝ որպես ապօրինի եկամուտների և դրամական միջոցների մնացորդ։
• 221 մլն 541 հազար դրամ, որը 2004-2022 թվականների ընթացքում չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել:
«Մասիս» ՋՕԸ–ի նախկին տնօրենից բռնագանձել 6 անշարժ գույք և խոշոր գումար. դատախազություն
Հիշեցնենք, որ դատախազությունը միայն 2023 թվականին Հակակոռուպցիոն դատարանից պահանջել է ապօրինի գույք բռնագանձել ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանից, «Փարքինգ սիթի սերվիսի» տնօրեն Վազգեն Հարությունյանից, Արամ Վարդանյանից (Վստրեչի Ապեր), Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանից, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանից և այլ անձանցից։