60–ամյակիս տունս «նվիրեցի» թուրքին. երկու տեղահանված ընտանիքի պատմություն

Ապրելու համար գաղթի ճամփա բռնած արցախահայերից շատերի ողբերգության պատմությունը սկսվեց նույն օրը` սեպտեմբերի 19–ին։ Sputnik Արմենիան այս անգամ ներկայացնում է Մարտակերտից ու Ասկերանից տեղահանված երկու ընտանիքի պատմությունները։
Sputnik
Մարտակերտ, Ասկերան, Ստեփանակերտ... Մի քանի օր է` ամբողջ Արցախը հայաթափվում է։ Տեղահանվածները Ստեփանակերտ–Գորիս երկու ժամանոց ճանապարհը խցանումների պատճառով ստիպված են լինում անցնել երկու, անգամ երեք օրում։ Սյունիքում այլևս տեղ չկա, արցախցիները Գեղարքունիքում ու մյուս մարզերում են ապաստան գտնում։
Sputnik Արմենիան Վարդենիս համայնքից հետո այցելել է Մարտունիում (Վաղաշենում) ապաստանած տեղահանվածներին։ Մեզ ուղեկցում էր համայնքապետարանի աշխատակիցը։
Վարդենիսում ապաստանած արցախցիների մասին հրապարակումը կարող եք կարդալ այստեղ։
Նոր քաղած խոտերի միջով գնում ենք դեպի երկհարկանի տուն, որը երկար տարիներ բնակեցված չի եղել։ Տանտերը տունն անժամկետ տվել է Ասկերանից եկած Ավանեսյանների 12–հոգանոց ընտանիքին` երկու եղբայրներ են կանանց ու երեխաների հետ, հայրը, մայրը ու մեծ տատը։
Ավանեսյաններն ապաստանել են այս տանը
«Ասկերանում ապահովություն չկար, անվտանգություն չկար։ Թուրքը եկել է մոտ, մինչև հիմա ուշքի չենք գալիս։ Ամեն դխկոցից, մեքենայի դռան փակվելու ձայնից վեր էինք թռնում, դողում էինք, մտածում` «մինամյոտով» մեզ խփում են։ Կրակոցների տակ ո՞նց պահեինք երեխեքին։ Ուրախ ենք, որ գոնե եկել ենք այստեղ, այստեղ հարևաններն էլ են շատ հոգատար մեր նկատմամբ, տանիքը լավ է, ջուր չի կաթում»,–ասում է ընտանիքի ավագ եղբայրը` Լևոնը։
Լևոնն ու կինը
Ավանեսյանները Ասկերանից եկել են իրենց մեքենաներով։ Ասում են` մեկն էլ տվել են ծանոթի ընտանիքին, որ իրենք էլ գան Հայաստան, փրկվեն, բայց չգիտեն` հաջողվել է, թե ոչ. չեն կարողանում կապ հաստատել։
Այս ընտանիքը նախկինում երբեք չէ մտածել իր հողը լքելու մասին։ Լևոնը 2020 թվականի պատերազմից հետո նույնիսկ վերանորոգել է իր տունը։
«Բաղնիքը նոր էի սարքել, բայց մի անգամ էլ չենք լողացել էդ բաղնիքում, գազն են կտրել, ջուրն են կտրել։ Հիմա էստեղ մենք զարմանում ենք ամբողջ օրը լույս լինելուց, մենք արդեն սովոր ենք, որ լույսը պետք ա անջատվի»,– ասում է նա։
Տներ, մեքենաներ, հողակտորներ. Ավանեսյանները բազմաթիվ գույք են թողել Ասկերանում, բայց մյուս եղբայրն ասում է`չի ափսոսում, կարևորը` երեխաներն իր կողքին են։
Որդուն հակադարձում է կյանքի 40 տարիները Ասկերանում անցկացրած մայրը։ Նա Ասկերանում ապրելու մասին նույնիսկ անցյալ ժամանակով չի խոսում։
«Երեխեքը ջահել են, ուրիշ ձև են նայում... Իմ տնից դուրս ենք եկել 60–ամյակիս օրը, ծննդիս օրը տունս թողեցի թուրքին։ Տունս եմ հիշում, տան պատերը, կարոտում եմ։ 40 տարի Ասկերանում ապրում եմ, 3 տուն եմ սարքել»,– հեկեկում է նա։
Տան մասին խոսելիս արցունքները չի կարողանում զսպել նաև փոքրիկ Արենը։ Նա որոշում է մեզ ցույց տալ իր նոր սենյակը, բայց երբ փորձում է խոսել, աչքերից արցունքներ են գլորվում։ Մի կերպ հասկացվում է, որ Ասկերանի իր սենյակն է ուզում։
Արենը մոր հետ
Այս տանը ապրելու նվազագույն պայմանները կան, հարևաններն էլ իրենց հերթին են օգնում` մահճակալ, ներքնակ, սպասք են տալիս։ Տղամարդիկ արդեն մտածում են աշխատանքի մասին, պատրաստվում են դիմել համայնքապետարան, բայց դեռ 1 օր է, ինչ տեղավորվել են, խուճապը չի անցել. անվտանգ են, բայց նաև անորոշության մեջ...
Եթե Ավանեսյաններին առանձին տուն է հատկացվել, ապա Մարտակերտից եկած Ռոզայի 8–հոգանոց ընտանիքին հյուրընկալել են Արմանն ու Սիանան, որոնք 3 երեխա ունեն։
Մեր այցելության պահին Արմանը Մարտունիում ավանդական ուտեստ համարվող փռի կարտոֆիլ էր պատրաստում երեխաների համար։ Փոքրիկներն էլ աշխույժ վազվզում ու խաղում էին կրակի մոտ. արդեն ընկերացել էին հյուրընկալած ընտանիքի երեխաների հետ։
Ռոզան 26 տարեկան է և արդեն 5 երեխա ունի։ 5–րդը ծնվել է 2020 թվականի պատերազմի ժամանակ` հոկտեմբերի 3–ին։
Ռոզան որդու հետ
Ասում է` դեռ երեք տարեկան չդարձած փոքրիկն արդեն երկու պատերազմ ու տեղահանություն տեսավ։
«Մենք էլ արդեն երկրորդ անգամ ենք տեղահանվում, 2020 թվականին` Նոր Մարաղայից, հիմա էլ` Մարտակերտից։ Եթե առաջին անգամ կարողացանք գոնե իրեր տեղափոխել հետներս, հիմա ոչինչ չենք վերցրել»,– պատմում է նա։
Սեպտեմբերի 19–ին տեղահանման ժամանակ սկեսուրը մեքենայի մեջ բեկորային վնասվածք է ստացել, 2-3 օր ճանապարհ են եկել, ու որդին միայն սեպտեմբերի 27–ին է կարողացել մորը Վաղաշենից Երևան հասցնել, որպեսզի վնասված թևը վիրահատեն։
Մեր զրույցի ընթացքում Սիանան` տանտիկինը, իր երեխաների հետ կերակրում է նաև Ռոզայի երեխաներին։
Սիրանան կերակրում է Ռոզայի տղային
Արցախցի կինը ցածրաձայն ասում է` շնորհակալ է ջերմ ընդունելու համար, բայց նաև գիտակցում է, որ սա ժամանակավոր է, երկրից գնալու տարբերակներ են մտածում։
1 / 3

Ռոզայի և Սիանայի երեխաները

2 / 3

Արմանը փռի կարտոֆիլ է պատրաստում երեխաների համար

3 / 3

Փոքրիկներն էլ աշխույժ վազվզում ու խաղում են կրակի մոտ

«Մենք ուրիշ տեղ գնալու կամ երկրից դուրս գալու հնարավորություն չունենք, բայց ուզում ենք։ Էստեղ մնալու իմաստ չկա, չնայած եթե պետությունը տնով ու աշխատանքով ապահովի, չգիտեմ, միգուցե...»։
Ապագայի, երազանքների հետ կապված հարցերին նա չի պատասխանում, թաց աչքերով թոթվում է ուսերը և հազիվ լսելի ձայնով ասում. «Սրանից վատ էլ ի՞նչ կարող է լինել...»։
Ամեն բան արեցինք, որ Արցախը հայկական մնա, բայց մեզ բոլորը մենակ թողեցին. բռնի տեղահանված