ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի զինծառայողները կարող են շարունակել ծառայությունը Հայաստանի զինված ուժերում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։
«Մեզ համար շատ ցանկալի կլիներ, որ ՊԲ զինծառայողները ծառայության անցնեին ՀՀ ՊՆ-ում, քանի որ նրանք մեր հայրենակիցներն են և իրենց փորձով ու ռազմական գիտելիքներով կարող են օգուտ բերել երկրի զինված ուժերին»,- նշեց նա։
ՊՆ-ն այժմ ուսումնասիրում է իրավիճակը, և այդ հնարավորությունը կստանան բոլոր այն զինծառայողները, ովքեր կցանկանան համալրել Հայաստանի զինված ուժերի շարքերը։ Փոխնախարարը վստահեցրեց, որ գերատեսչությունը կապի մեջ կլինի ԼՂ-ից զինվորականների հետ։
Հիշեցնենք՝ Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Սեպտեմբերի 29-ի ժամը 06:00-ի դրությամբ Հայաստան է տեղափոխվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 84 770 անձ: