ՄԱԿ-ի առաքելությունն առաջիկա օրերին Լեռնային Ղարաբաղ կայցելի. Ադրբեջանի ԱԳՆ

Բաքվում նշում են, որ այցը թույլ կտա ծանոթանալ տարածաշրջանում Ադրբեջանի կողմից իրականացվող ընթացիկ մարդասիրական գործունեությանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. ՄԱԿ-ի առաքելությունն առաջիկա օրերին Լեռնային Ղարաբաղ կայցելի Բաքվում Համաշխարհային կազմակերպության համակարգողի հովանու ներքո: Տեղեկությունը հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Նշվում է, որ մի քանի օր առաջ Ադրբեջանը ՄԱԿ-ի համապատասխան կառույցներին հրավիրել է Ղարաբաղ:
«Այդ ուղևորությունը տեղի կունենա առաջիկա օրերին Ադրբեջանում ՄԱԿ-ի ռեզիդենտ համակարգողի հովանու ներքո՝ ՄԱԿ-ի և Ադրբեջանի միջև կայուն զարգացման համագործակցության շրջանակային փաստաթղթի համաձայն», - նշված է հաղորդագրության մեջ:
Բաքվում նշում են, որ այցը թույլ կտա ծանոթանալ տարածաշրջանում Ադրբեջանի կողմից իրականացվող ընթացիկ մարդասիրական գործունեությանը:
Պատվիրակության անդամներին ուզում են ցույց տալ նաև «ենթակառուցվածքների վերականգնման գործընթացը, հայկական անօրինական զինված ուժերի զինաթափումն ու զինամթերքի առգրավումը, ինչպես նաև ականներից բխող սպառնալիքները»:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Սեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, ապա սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։