Մայր աթոռն ու հայաստանյան բոլոր թեմերը զբաղվում են տեղահանված արցախցիների խնդիրներով

Արցախից տեղահանվածներ
Թեմապատկան կացարաններում բնակություն են հաստատել մեծաթիվ արցախցիներ, հոգևորականներն այցելում են տեղահանվածների ընտանիքներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Մայր աթոռի սոցիալական ծառայության գրասենյակը և հայաստանյան թեմերն այս օրերին լծված են Արցախից բռնի տեղահանված հայրենակիցներին հոգևոր, հումանիտար և սոցիալական կարիքների հոգածության աշխատանքներին։ Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հատուկ ուշադրության կենտրոնում է կացարաններով ապահովման խնդիրը։
«Այս պահին Մայր աթոռում, ինչպես և Վայոց Ձորի, Շիրակի, Գուգարաց, Գեղարքունյաց, Արմավիրի, Սյունյաց, Մասյացոտնի, Արագածոտնի, Կոտայքի, Տավուշի թեմերում իրականացվում են տեղահանված արցախցիներին կացարաններով ապահովվման աշխատանքները։ Թեմապատկան կացարաններում արդեն իսկ բնակություն են հաստատել մեծաթիվ արցախցիներ»,– նշված է հաղորդագրության մեջ։
Հոգևորականներն այցելում են տարբեր համայնքներում հաստատված ընտանիքներին։ Հայաստանյան բոլոր թեմերում ցուցաբերվում է սոցիալական աջակցություն, տրամադրվում է սնունդ, հագուստ, առաջին անհրաժեշտության պարագաներ։ Մասյացոտնի թեմն արդեն համակարգված կերպով ամեն օր սնունդով է ապահովում շուրջ 400 անձանց։
Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ հովանու ներքո գործող Երևանի և Վաղարշապատի բարեգործական ճաշարանները նույնպես պատրաստ են սնունդով ապահովել արցախահայերին։
Իզմիրլյան ԲԿ-ն պատրաստ է անհրաժեշտ բուժօգնություն տրամադրել Արցախից բռնի տեղահանված հայրենակիցներին:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը, նրանք զանգվածաբար լքում են իրենց բնակավայրերը և տեղափոխվում Հայաստան։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։