«Գազպրոմ Արմենիան» սահմանափակում է տեղահանվածների համար փոխհատուցման հայտերի ընդունումը

«Գազպրոմ–Արմենիա» ընկերության շենքը
ՀՀ մարզերում կացարանի վարձակալության և կոմունալ ծախսերի փոխհատուցման ծրագրից կարող է օգտվել 600 ընտանիք, նախկին 300-ի փոխարեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ն կրկնապատկել է կացարանի վարձակալության և կոմունալ ծախսերի համար փոխհատուցման ծրագրի շահառուների թիվը և պատրաստ է փոխհատուցում տրամադրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 600 ընտանիքի։ Տեղեկությունը հայտնում է «Գազպրոմ Արմենիայի» հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայությունը։
Ընկերությունն ավելի վաղ հայտարարել էր, որ պատրաստ է ՀՀ մարզերում կացարանի վարձակալության և կոմունալ ծախսերի փոխհատուցում տրամադրել Արցախից բռնի տեղահանված 300 ընտանիքի։
«Երկու օրվա ընթացքում ընկերությունն արդեն հայտեր է ընդունել ավելի քան 1000 ընտանիքից։ Ընկերությունը միաժամանակ տեղեկացնում է, որ ներկայում սահմանափակում է օժանդակության այս ուղղությամբ հայտերի ընդունումը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Սեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, ապա սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։