Հռոմի ստատուտի վավերացումը անդառնալի հարված կլինի ՌԴ-ի հետ հարաբերություններին. ՀՀԿ

ՀՀԿ գրասենյակ
Որպեսզի Ադրբեջանի հանցագործությունները քննվեն Հաագայի դատարանում, անհրաժեշտ է, որ այդ երկիրն էլ համագործակցի ՄՔԴ–ի հետ, մինչդեռ Ադրբեջանն անգամ չի էլ ստորագրել կանոնադրությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Հռոմի կանոնադրության վավերացումը անդառնալի հարված է հասցնելու Ռուսասատանի հետ Հայաստանի հարաբերություններին: Այս մասին այսօր հայտարարություն է տարածել Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմինը։
Նշվում է, որ Հայաստանի իշխանությունների այս որոշումը ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում հղի է անկախատեսելի հետևանքներով` նաև հաշվի առնելով Միջազգային Քրեական դատարանի վերջին որոշումը ՌԴ նախագահի ձերբակալման օրդերի վերաբերյալ։
«Գաղտնիք չէ, որ Միջազգային քրեական դատարանը չափազանց քաղաքականացված մարմին է, և բոլորովին էլ պատահական չէ, որ նույնիսկ ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամներ հանդիսացող այնպիսի հզոր տերություններ, ինչպիսիք են ԱՄՆ-ն, Չինաստանը և Ռուսաստանը, չեն ստորագրել կամ վավերացրել այդ կանոնադրությունը և նման մտադրություն չունեն նաև ապագայում»,– նշված է հայտարարության մեջ։
ՀՀԿ գործադիր մարմինը քաղաքական կարճատեսություն է համարում այն, թե դատարանին միանալը կարող է երբևէ օգտագործվել Հայաստանի շահերի պաշտպանության համար: Վստահ են նաև` դատարկ պնդումներ են, թե սա հնարավորություն կտա Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները Հաագայի դատարանում քննության առարկա դարձնել, քանի որ դրա համար պետք է նաև, որ հանցագործություն կատարած անձանց պետությունը համագործակցի ՄՔԴ հետ:
«Քանի որ ոչ Ադրբեջանը, ոչ Թուրքիան Հռոմի կանոնադրությունը նույնիսկ չեն էլ ստորագրել, առավել քան ակնհայտ է, որ նրանք որևէ համագործակցություն ՄՔԴ-ի հետ չեն իրականացնելու, առավել ևս, եթե խոսքը գնա Ադրբեջանի ղեկավարի և բարձրաստիճան պաշտոնյաններին պատասխանատվության կանչելու մասին: Ուստի ՄՔԴ-ին միանալը Հայաստանի շահերի պաշտպանության համար գործնականում չի կարող ծառայել Հայաստանի շահերին»,– շեշտվում է հայտարարության մեջ։
Ինչ վերաբերում է Հռոմի կանոնադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասին հղումը, թե այն որոշակի երաշխիքներ է ստեղծում Ռուսաստանի Դաշնության նախագահի` ՀՀ մուտք գործելու պարագայում նրան չձերբակալելու համար, ամբողջովին զուրկ են իրավական հիմքից։
Ձերբակալման հարցի հետ կապված անդամ պետությունն ընդամենը իրավունք ունի դրա կատարման բարդությունների վերաբերյալ խորհրդակցություններ անցկացնել Միջազգային քրեական դատարանի հետ:
«Ակնհայտ է, որ վավերացնելով Հռոմի կանոնադրությունը, Հայաստանի իշխանությունները միտումնավոր կերպով գնում են ՌԴ հետ մեր դաշնակցային հարաբերությունները հարվածի տակ դնելու քայլի, ինչը ճակատագրական հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի համար»,– հավելելէ ՀՀԿ գործադիր մարմինը։
Հիշեցնենք` Հայաստանը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը ստորագրել էր 1999թ–ի հոկտեմբերի 1-ին, սակայն չէր վավերացրել։ Գործընթացն ընդհատվել էր 2004թ–ի օգոստոսի 13-ին, երբ փաստաթուղթը ճանաչվել էր ՀՀ Սահմանադրությանը հակասող։
Երևանի գործողությունները ոչ բարեկամական են. Զախարովան՝ Հռոմի ստատուտի մասին
Հաշվի առնելով, որ այդ ժամանակից ի վեր Սահմանադրությունը երկու անգամ փոփոխվել է` Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշեց վերսկսել միջազգային պայմանագրի վավերացման գործընթացն ու այդ նպատակով ևս մեկ անգամ դիմել ՍԴ։
ՀՀ սահմանադրական դատարանը մարտի 24-ին որոշեց, որ Հայաստանի միացումը միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը համապատասխանում է գործող Սահմանադրությանը։
Սեպտեմբերի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հռոմի ստատուտը վավերացվելու է իր դիրքորոշմամբ և խորհրդարանական գործընկերների լիարժեք աջակցությամբ։ Նա հավելեց նաև, որ այն ոչ մի կապ չունի Հայաստան–Ռուսաստան հարաբերությունների հետ։ Ըստ Փաշինյանի՝ Երևանը որոշել է վավերացնել Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը, քանի որ ՀԱՊԿ-ի և հայ-ռուսական գործընկերության գործիքները բավարար չեն երկրի անվտանգությունն ապահովելու համար։
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 28-ի նիստում դրական եզրակացություն տվեց միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերացման նախագծին։ Փաստաթուղթը կքննարկվի խորհրդարանի լիագումար նիստում։