ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. ԵԽԽՎ-ի աշնանային նստաշրջանում, որը կանցկացվի հոկտեմբերի 1-ին, կքննարկվեն ԼՂ-ին և Հայաստանին առնչվող հարցեր: Այս մասին Դուբլինում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ ասել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Թինի Քոքսը: Տեղեկությունը հայտնում է ԱԺ լրատվության և հասարակայնության հետ հարցերի վարչությունը։
Հանդիպման ժամանակ ԱԺ նախագահը մանրամասներ է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում վերջին օրերին տեղի ունեցած դեպքերից, խոսել բռնի տեղահանումների մասին։ Ալեն Սիմոնյանը նշել է, որ ադրբեջանական քաղաքականության հիմքում է Լեռնային Ղարաբաղում հայկական հետքի, մշակութային ժառանգության իսպառ վերացումը, իսկ վերջին գործողությունները զրուցակիցների կողմից դիտարկվել է հայաթափման ծրագիր իրականացնելու վերջնանպատակ:
Դուբլինում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահ Թինի Քոքսի հետ
© Photo : official site of the Parliament of RA
«Անդրադարձ է եղել այն հանգամանքին, որ Ադրբեջանը ոչ միայն անտեսում է Եվրոպայի խորհրդի առջեւ ստանձնած պարտավորությունը, այլև զրոյացնում է միջազգային գործընկերների ջանքերը՝ ուղղված Հարավային Կովկասում կայունության եւ խաղաղության հաստատմանը: Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ Եվրախորհրդի կառույցները պետք է այցելեն Լեռնային Ղարաբաղ եւ դիտարկեն այնտեղ տիրող մարդու իրավունքներին առնչվող իրավիճակը, արձանագրեն ժողովրդի տառապանքները և գտնեն հնարավոր լուծումներ: Վեհաժողովի փաստահավաք առաքելություն Լեռնային Ղարաբաղ ուղարկելու հարցում նա ապավինել է ԵԽԽՎ-ի աջակցությանը»,– նշված է հաղորդագրության մեջ։
Սիմոնյանը շեշտել է, որ Հայաստանի դիրքորոշումը մնում է նույնը. հաստատել խաղաղ հարաբերություններ, որոնք հիմնված են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա: