ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Արցախից բռնի տեղահանված ու ՀՀ հասած մեր հայրենակիցները բազմաթիվ խնդիրներ ունեն` թե ֆիզիկական, թե հոգեբանական։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։
«Նրանք շատ երկար ժամանակ եղել են շրջափակման մեջ, բացի այդ, վերջին օրերի իրադարձությունները, նաև այդքան երկար ճանապարհին գտնվելն ազդում են յուրաքանչյուրի վրա։ Կարևոր է, որ կարողանանք պատշաճ մակարդակով դիմավորել և պատշաճ պայմաններով ապահովել»,– ասաց Մանասյանը։
ՀՀ ՄԻՊ–ը նկատեց` այսքան մեծ թվով հոսքի ու բարդ գործընթացի շրջանակներում հնարավոր չէ, որ խնդիրներ չլինեն։ Բայց պաշտպանի թիմը մշտադիտարկումներ է իրականացնում և փորձում բարձրաձայնել դրանց մասին, ուղղորդել, պատասխանատու մարմիններին հարցը փոխանցել` օպերատիվ կարգավորելու և լուծելու համար։
Անդրադառնալով վերջին ռազմական ագրեսիայի ընթացքում ադրբեջանական ԶՈւ–ի կողմից արցախցիների խոշտանգումներին` Մանասյանը նշեց` տեղեկություններ հավաքագրել են, առայժմ դրանց մասին չի խոսի, քանի դեռ ամփոփված չեն։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 28-ի ժամը 10:00-ի դրությամբ Հայաստան է տեղափոխվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 66 հազար 500 անձ: