Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

Բռնի տեղահանված 30 արցախցիներ տեղավորվել են Գյումրու մարզադաշտի համարներում. լուսանկարներ

«Շիրակ» ֆուտբոլային ակումբից հայտնում են, որ համարներում առկա են անհրաժեշտ բոլոր պայմանները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներից 30-ը բնակեցվել են Գյումրու քաղաքային մարզադաշտի համարներում։ Այս մասին հայտնում է «Շիրակ» ֆուտբոլային ակումբը։
«Մեր հարկի տակ այսօր ընդունեցինք Արցախից բռնի տեղահանված մեր 30 հայրենակցի: Նրանք կբնակվեն Գյումրու քաղաքային մարզադաշտի վերանորոգված համարներում, որտեղ առկա են բոլոր անհրաժեշտ պայմանները»,– նշված է գրառման մեջ:
1 / 3

Գյումրու քաղաքային մարզադաշտի շենքը

2 / 3

Գյումրու քաղաքային մարզադաշտի շենքում

3 / 3

Գյումրու քաղաքային մարզադաշտի շենքում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում հստակեցրեց ՀՀ մուտք գործած բռնի տեղահանված արցախցիների և կացարանով ապահովվածների թվի ահռելի տարբերությունը։ Առավոտյան ժամը 10–ի դրությամբ Արցախից 66 500 բռնի տեղահանված է ՀՀ ժամանել, սակայն նրանցից մոտ 11 հազարն է կացարանով ապահովվել։ Փաշինյանի խոսքով` բոլորին կացարան առաջարկվում է, սակայն ոմանք նշում են, որ ունեն կացարանի հասցեներ։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն էլ Արցախից բռնի տեղահանված հայրենակիցներին խնդրեց ըմբռնումով մոտենալ, հասկանալ, որ տեղակայումները ժամանակավոր գործընթաց են։ Ըստ նրա` պարտադիր չէ, օրինակ, Շիրակ տեղափոխված մեր բոլոր հայրենակիցները Գյումրիում մնան, երբ մենք Աշոցքում, Արթիկում կամ Ամասիայում ունենք համանման պայմաններ։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը, 2–րդը` սեպտեմբերի 25–ին Իվանյանում։
Այսօր հայտնի դարձավ, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ, մինչ այդ կլուծարվեն կառավարության ենթակայության բոլոր պետական հիմնարկները և կազմակերպությունները։
Արցախից արդեն 68 386 քաղաքացի է մուտք գործել Հայաստան
ՌԴ-ն ի գիտություն է ընդունել ԼՂ–ի գոյության դադարեցման մասին հայտարարությունը. Պեսկով