Արցախից բռնի տեղահանված և Տավուշի մարզում վերաբնակեցված ընտանիքում այսօր առավոտյան երեխա է ծնվել։ Տեղեկությունը հայտնում է Տավուշի հեռուստաընկերությունը;
Մարտակերտի Ճանկաթաղ գյուղից տեղահանված և Իջևանում վերաբնակեցված Սարդարյանների ընտանիքի արու զավակը ծնվել է Իջևանի բժշկական կենտրոնում:
«Երեխան ծնվել է 2 կգ 900 գրամ քաշով։ Շնորհակալ ենք բժիշկներին, որ օգնել են` առողջ բալիկ լույս աշխարհ գա»,–ասում է երեխայի տատիկը` Նատալյա Շաքարյանը։
Նշենք, որ ընտանիքն այժմ ժամանակավոր բնակություն է հաստատել Իջևանի հյուրատներից մեկում։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Սեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, ապա սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։