Արցախից արդեն 68 386 քաղաքացի է մուտք գործել Հայաստան

Արցախից տեղահանված քաղաքացիները
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Արցախից բռնի տեղահանված և Հայաստան ժամանած քաղաքացիների թիվը մոտենում է 70 հազարի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
«Ժամը 12:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 68386 անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն»,– գրել է նա ֆեյսբուքյան էջում։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը, 2–րդը` սեպտեմբերի 25–ին Իվանյանում։
Այսօր հայտնի դարձավ, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ, մինչ այդ կլուծարվեն կառավարության ենթակայության բոլոր պետական հիմնարկները և կազմակերպությունները։