Արցախից 70 500 քաղաքացի է մուտք գործել Հայաստան

Արցախից բռնի տեղահանվածները
Գորիսում ավտոբուսներ են տեղակայել, սպասում են` երթևեկության ինտենսիվությունը փոքր–ինչ դադարի, որպեսզի կարողանան մեկնել Ստեփանակերտ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Ժամը 14։00–ի դրությամբ Արցախից 70 500 բռնի տեղահանված է ժամանել Հայաստան։ Ասուլիսի ժամանակ այս տեղեկությունը հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
«Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներից 50 866–ը հաշվառվել են»,–ասաց նա։
Նրա խոսքով` մարդկանց ժամանելու ինտենսիվությունը չի նվազել, և մոտավորապես 1 ժամում կարողանում են 1000 մարդու սպասարկել։
Ինչ վերաբերվում է Ստեփանակերտում գտնվող այն քաղաքացիներին, որոնք չունեն սեփական փոխադրամիջոցներ ՀՀ հասնելու համար, Բաղդասարյանը տեղեկացրեց, որ այժմ Գորիսում 35 ավտոբուս է տեղակայվել, սպասում են` երթևեկության ինտենսիվությունը փոքր–ինչ դադարի, որպեսզի կարողանան մեկնել Ստեփանակերտ։
«Որոշակի պայմանավորվածություն արդեն իսկ կա մեկնման գործընթացի կազմակերպման համար, որպեսի այն բնակիչները, որոնք տեղահանված են և ցանկություն ունեն ՀՀ տեղափոխվելու, այդ գործընթացն իրականացվի»,– ասաց Բաղդասարյանը։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն իր հերթին տեղեկացրեց, որ բռնի տեղահանված 70 500 քաղաքացիներից 13 922–ը որևէ մարզում հաշվառվել են և տեղակայվել որևէ բնակարանում կամ հյուրանոցում։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը, 2–րդը` սեպտեմբերի 25–ին Իվանյանում։
Այսօր հայտնի դարձավ, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ, մինչ այդ կլուծարվեն կառավարության ենթակայության բոլոր պետական հիմնարկները և կազմակերպությունները։