Լավրովն ու Բայրամովը քննարկել են Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը. ՌԴ ԱԳՆ

Արխիվային լուսանկար
Երկու երկրների արտաքին գործերի նախարարները քննարկել են նաև Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրին վերաբերող հարցեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, այդ թվում՝ հայ բնակչությանը հումանիտար աջակցություն ցուցաբերելու հարցերը: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
«Քննարկվել է իրավիճակը ԼՂ–ում` ներառյալ հումանիտար աջակցության տրամադրման, տեղի հայ բնակչության իրավունքների եւ անվտանգության ապահովման հարցերը»,– նշված է նախարարության հաղորդագրության մեջ:
Կողմերը քննարկել են 2020-2022 թթ. բարձր մակարդակով ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ուղիները։ Դրանք վերաբերում են Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի մշակմանը, հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիային, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը:
Անդրադարձ է կատարվել նաև երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք տարբերակների: