Իսպանիայի կառավարությունը մարդասիրական օգնություն կուղարկի ԼՂ–ից տեղահանվածների համար

Խոսե Մանուել Ալբարես
Իսպանիայի կողմից ԼՂ ուղարկվող օգնությունը կտրամադրվի զարգացման ոլորտում միջազգային համագործակցության գործակալության կողմից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Իսպանիայի կառավարությունը մարդասիրական օգնություն կուղարկի Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների համար։ X–ի իր միկրոբլոգում տեղեկությունը հայտնել է Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը:
«Ինձ անհանգստացնում է Լեռնային Ղարաբաղի իրենց տներից փախչող հայերի աճող թվաքանակն ու ԼՂ–ում տեղի ունեցած պայթյունը, որի հետևանքով հարյուրավոր մարդիկ են զոհվել։ Բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, ինչպես նաև մարդասիրական օգնության առաքումը պետք է երաշխավորված լինեն»,– գրել է նա:
Նա նաև նշել է, որ օգնությունը կտրամադրվի զարգացման ոլորտում միջազգային համագործակցության գործակալության կողմից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ֆրանսիան 7 մլն եվրո կտրամադրի Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց սոցիալական խնդիրները լուծելու համար: Բացի այդ, Փարիզը սարքավորումներ կուղարկի վիրավորներին շտապ բուժօգնություն ցուցաբերելու համար։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը, 2–րդը` սեպտեմբերի 25–ին Իվանյանում։
Սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի մոտակայքում գտնվող բենզինի պահեստում տեղի ունեցավ ուժեղ պայթյուն, որի հետևանքով բազմաթիվ մարդիկ մահացան։ Հաստատված մահերի թիվը 68 է: 21-ի ինքնությունը պարզ է, մյուսներինը՝ ոչ: Վիրավորում ստացած քաղաքացիների թիվը 290 է, որոնցից 168-ը տեղափոխվել են ՀՀ բժշկական հաստատություններ։