Ադրբեջանական ԶԼՄ–ները հրապարակել են Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ձերբակալության առաջին կադրերը։
Տեսագրությունում երևում է, թե ինչպես են ադրբեջանական զինվորականներն ուղեկցում նրան։
Նշենք, որ Ռուբեն Վարդանյանի կինը` Վերոնիկա Զոնաբենդը, քիչ առաջ հայտարարություն տարածեց` նշելով, որ այսօր առավոտյան ամուսինը ձերբակալվել և գերեվարվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից, երբ փորձել է Արցախը լքել ադրբեջանական օկուպացիայից փախած հազարավոր այլ հայերի հետ։
Ադրբեջանի ԱԱԾ–ն հաստատեց Վարդանյանին ձերբակալելու լուրը` հայտնելով, որ նա տեղափոխվել է Բաքու։
Հիշեցնենք` Վարդանյանն Արցախ տեղափոխվեց 2022 թվականի սեպտեմբերի 1-ին։ Նա պետնախարար նշանակվեց 2022 թվականի նոյեմբերի 4-ին և պաշտոնից ազատվեց 2023-ի փետրվարի 23-ին։
Նշենք նաև, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուբեն Վարդանյանին անվանել էր «Ռուսաստանից ներդրված անձ», մինչդեռ վերջինս Արցախ տեղափոխվելուց առաջ հրաժարվել էր ՌԴ քաղաքացիությունից։