ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի - Sputnik. Ռուսաստանի շահերն Անդրկովկասում պատմականորեն, աշխարհագրորեն և աշխարհաքաղաքականորեն անտեսել հնարավոր չէ։ ՏԱՍՍ-ի հետ զրույցում այս հայտարարությունն է արել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Պատասխանելով հարցին, թե հնարավոր է արդյոք, որ այնպես ստացվի` Հայաստանը կորցնի Ռուսաստանին, նա նշել է, որ Երևանում մի շարք առաջատար քաղաքական գործիչներ ուզում են նման սցենար և Արևմուտքի կողմ են նայում:
«Դուք գիտեք` այնտեղ շատ մարդիկ կան, որոնք ցանկանում են կորցնել Ռուսաստանին և նոր ընկերներ ձեռք բերել։ Եթե նրանք հույսը դնում են Միացյալ Նահանգների վրա, ինչը ուղղակիորեն բխում է Հայաստանի ղեկավարության ներկայացուցիչներից շատերի արտահայտություններից, ապա հավանաբար լավ կլիներ, որ նրանք նայեին նորագույն պատմությանը, թե ինչպես է ԱՄՆ–ն վարվել նրանց հետ, ում ձգտում էին իրենց թևի տակ առնել` առաջ մղելով իրենց աշխարհաքաղաքական շահերը աշխարհի՝ ամերիկյան ափերից հեռու գտնվող շրջաններում։ Այդ բոլոր մարդկանց ճակատագիրը բավական աննախանձելի է»,-նշել է Լավրովը։
Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ նման միտք էր երևում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթում։
Հիշեցնենք` Փաշինյանը սեպտեմբերի 24-ին հանդես եկավ ուղերձով` հայտարարելով, որ վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի ձեռնարկած հարձակումներն ակնհայտ եզրակացության են բերում, որ արտաքին անվտանգության այն համակարգերը, որոնցում ներգրավված է ՀՀ–ն, արդյունավետ չեն մեր երկրի պետական շահերի և անվտանգության տեսակետից: Նա նշեց, որ բոլոր միջոցները ձեռնարկվելու են ՀՀ անկախությունը պաշտպանելու համար, և այդ համատեքստում շեշտեց` այս առումով անհրաժեշտ է վերափոխել, լրացնել, հարստացնել Հայաստանի Հանրապետության արտաքին և ներքին անվտանգության գործիքները՝ համագործակցելով փոխշահավետ քայլերի պատրաստ բոլոր գործընկերների հետ: