ԱՄՆ-ն մտադիր է համաձայնեցնել Լեռնային Ղարաբաղի համար առաքելության մանրամասները. Պետդեպ

Արցախից բռնի տեղահանվածները Կոռնիձորում
Միլլերը նշել է, որ առաջիկա օրերին կաշխատեն դաշնակիցների և գործընկերների հետ՝ պարզելու, թե կոնկրետ ինչպիսին կլինի այդ առաքելությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի - Sputnik. ԱՄՆ-ն մտադիր է առաջիկա օրերին համաձայնեցնել Լեռնային Ղարաբաղի համար միջազգային դիտորդական առաքելության մանրամասները և ուրախ է, որ Ադրբեջանը պատրաստ է ընդունել այն, հայտարարել Է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը:
«Մենք առաջիկա օրերին կաշխատենք մեր դաշնակիցների և գործընկերների հետ՝ պարզելու, թե կոնկրետ ինչպիսին կլինի այդ առաքելությունը։ Բայց վերջին հաշվով մենք ցանկանում ենք տեսնել վերադարձ բանակցային սեղանին», - ասել է նա լրատվամիջոցների համար ճեպազրույցի ժամանակ։
Միլլերը հավելել է, որ ԱՄՆ-ն ողջունում է «բառացիորեն հենց նոր արված Ադրբեջանի կառավարության հայտարարությունը... որ նրանք ուրախ կլինեն ընդունել նման միջազգային դիտորդական առաքելություն»։
Նրա խոսքով ՝ ԱՄՆ-ն «արդյունավետ չի համարում» այն դերը, որը խաղացել է Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղում վերջին սրացման գործում: «Ես, իհարկե, չեմ կարծում, որ Ռուսաստանն այստեղ արդյունավետ դեր է խաղացել անցած շաբաթ։ Նման բան մենք պարբերաբար տեսել ենք ։ Եղել են դեպքեր, երբ նրանք աջակցել են բանակցություններին, և դա մենք ողջունել ենք, բայց, իհարկե, անցած շաբաթ նրանց դերն արդյունավետ չի եղել այս իրավիճակում»,- ասել Է Միլլերը։
Նշենք, որ վերջին տվյալների համաձայն` Արցախից բռնի տեղահանվել և Հայաստան է տեղափոխվել 53 629 անձ։ Հայաստանի 60-ից ավել համայնքներում կառավարության կողմից ստեղծվել են տարածքային հումանիտար կենտրոններ։