ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Բրյուսելում քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի առաջմղման ուղղությամբ հնարավոր կոնկրետ քայլերը։ Տեղեկությունը հայտնում է Եվրոպական խորհրդի մամուլի ծառայությունը՝ մեկնաբանելով պաշտոնյաների այսօրվա բանակցությունների արդյունքները։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Գերմանիայի կանցլերի, Ֆրանսիայի նախագահի խորհրդականները, ինչպես նաև Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը:
Նշվում է, որ մտքեր են փոխանակվել Գրանադայում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հնարավոր հանդիպման նախաշեմին, որը նախատեսված է հոկտեմբերի 5-ին: Կողմերն անդրադարձել են սահմանազատմանը, անվտանգությանը, կոմունիկացիաներին վերաբերող հարցերի, քննարկել հումանիտար խնդիրները և խաղաղության պայմանագրի հեռանկարները:
ԵՄ հայտարարության համաձայն՝ կարգավորման գործընթացի բոլոր ուղղություններով անհրաժեշտ են կոնկրետ գործողություններ և վճռական փոխզիջումային լուծումներ:
ԵՄ-ում շեշտել են, որ ուշադիր հետևում են բոլոր իրադարձություններին և ամենաբարձր մակարդակով մասնակցում գործընթացին, որպեսզի օգնեն մեղմել ռազմական գործողությունների հետևանքները քաղաքացիական բնակչության համար:
Կառույցն ընդգծել է միջազգային մարդասիրական և իրավապաշտպան կազմակերպությունների համար թափանցիկության և հասանելիության անհրաժեշտությունը:
Հանդիպման մասնակիցները նշել են, որ հարաբերությունների կարգավորման ջանքերը շարունակելու համար Հայաստանն ու Ադրբեջանը շահագրգռված են Գրանադայի հնարավոր հանդիպումն օգտագործելու հարցում:
ԵՄ-ում կարծում են, որ Գրանադայում կայանալիք հնարավոր հանդիպումը պետք է օգտագործվի Երևանի և Բաքվի կողմից տարածքային ամբողջականությունը, միմյանց ինքնիշխանությունը հրապարակավ հաստատելու համար՝ համաձայն ավելի վաղ Պրահայում և Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունների:
Հիշեցնենք` 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 13-ին հայտարարեց, որ հայկական կողմն ադրբեջանական կողմին էր փոխանցել հարաբերությունների կարգավորման և խաղաղ հարաբերությունների հաստատման պայմանագրի հինգերորդ խմբագրումը, սեպտեմբերի 16-ին ստացել են ադրբեջանական կողմի նոր առաջարկները։