ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում բենզինի պահեստի պայթյունի հետևանքով, ականատեսների խոսքով, ավելի քան 100 մարդ ամբողջությամբ այրվել է։ Այս մասին X–ի իր միկրոբլոգում գրել է Արցախի նախկին պետնախարար, Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը։
«Պաշտոնապես կա 290 վիրավոր, տասնյակ մարդիկ ծայրահեղ ծանր վիճակում են։ 20 մարդ մահացել է։ Շատերը անհետ կորել են»,– գրել է նա։
Ըստ պաշտոնական տվյալների՝ Արցախի հիվանդանոցներ են տեղափոխվել 290 հիվանդ` տարբեր աստիճանի այրվածքներով։ Նրանցից 7–ը մահացել են հիվանդանոցում։ Պայթյունից տուժած տասնյակ հիվանդներ դեռևս գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ 13 չճանաչված մարմին տեղափոխվել է Դատաբժշկական փորձաքննության բյուրո։ Բազմաթիվ անձինք անհետ կորած են համարվում, քանի որ պայթյունի հետևանքով այրվել են, և նրանց վերաբերյալ լրացուցիչ տվյալներ պետք է ճշտվեն։
Հիշեցնենք, որ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, սեպտեմբերի 25-ին տեղի է ունեցել ուժեղ պայթյուն, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։
Սոցիալական ցանցերում տեսանյութեր էին հայտնվել, որտեղ երևում էր հզոր պայթյունը։ Նշվում էր, որ 100 տոննա տարողությամբ ցիստեռն է պայթել։
Երեկ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ահազանգել էր, որ տուժածների կյանքը փրկելու համար շտապ պետք է սանիտարական ավիացիա, քանի որ Արցախի բժշկական հնարավորությունները բավարար չեն մարդկանց կյանքը փրկելու համար։
Ավելի ուշ ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ գիշերային և եղանակային վատ պայմաննները անհնար են դարձնում Արցախից վիրավորների տեղափոխումը: