ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղից սեպտեմբերի 25–ին տեղահանված կինը ծննդաբերել է Երևանում: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
«Մոր և երեխայի առողջական վիճակը գնահատվում է բավարար, նրանք գտնվում են բժիշկների հսկողության տակ»,– նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Միաժամանակ նշվում է, որ նորածնային և մանկական արտագնա անհետաձգելի ծառայությունների միջոցով սեպտեմբերի 25–ին Երևանի մասնագիտացված բուժհաստատություններ են տեղափոխվել 4 նորածին և 1 երեխա:
Նախարարությունից նաև հայտնում են, որ նրանց բոլորի առողջական վիճակը, բժիշկների գնահատմամբ, կայուն ծանր է: Նրանք բոլորը ստանում են անհրաժեշտ բուժօգնություն:
Նշնենք, որ այսօր Գորիսի ԲԿ–ում էլ լույս աշխարհ էր եկել առաջին արցախցի փոքրիկը։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը։ 2–րդ հանդիպումը կայացել է սեպտեմբերի 25–ին Իվանյանում։
Սեպտեմբերի 25–ից սկսվել է արցախցիների տեղահանումը։ Սեպտեմբերի 26-ի ժամը 08:00–ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 13 550 անձ։ Նրանցից 11 000-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 2 550-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է: