ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանաբնակ հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթել է Չինաստանի Չժուհայ քաղաքում ընթացող ATP-250 շարքի մրցաշարում։ Այս մասին գրում է championat.com կայքը։
Թենիսիստը եզրափակիչում մրցել է Ճապոնիայի ներկայացուցիչ, աշխարհի 46-րդ ռակետ Յոշիհիտո Նիշիոկայի հետ: Մոտ երկու ժամ տևած մրցախաղում Խաչանովն առավելության է հասել 7:6, 6:1, ընդհանուր` 2։0 հաշվով:
Մրցանակային ֆոնդը կազմում է 981 785 դոլար:
Նշենք, որ Խաչանովը 27 տարեկան է, նա պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի վարկանիշում զբաղեցնում է 15-րդ տեղը: Այս հաղթանակից հետո նրա վարկանիշը կբարձրանա։
Թենիսիստն իր ակտիվում ունի 2020 թվականի օլիմպիական խաղերի արծաթ, հինգ հաղթանակ ATP մրցաշարերում։ 2021 թվականին նա Ռուսաստանի հավաքականի կազմում դարձել է Դևիսի գավաթակիր։