Վայքում` Արցախից բռնի տեղահանված անձանց ընդունման նոր կետի դիմաց, բազմաթիվ մեքենաներ են կուտակված` և՛ թեթև մարդատար, և՛ բեռնատար։
Sputnik Արմենիայի տեսախցիկը ֆիքսել է, որ մեքենաների վրա արցախցիների իրերն են, որոնք կարողացել են բերել իրենց հետ Հայաստան։ Շատերը դեռ սպասում են հաշվառման կամ տեղաբաշխման իրենց հերթին։
Այնտեղ նաև աշխատում է շտապօգնության մեքենան։
Նշենք, որ Արցախից բռնի տեղահանվածների ընդունման նոր կետը մի քանի ժամ առաջ է գործարկվել։ Կենտրոնում գնահատում են բոլոր անձանց կարիքները և, ըստ առաջնահերթության, կացարանով ապահովում նրանց։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը, 2–րդը` սեպտեմբերի 25–ին Իվանյանում։