Դեռ ժամանակ կա կանխելու ցեղասպանությունը. Հենրիխ Մխիթարյանի կոչը միջազգային առաջնորդներին

Հենրիխ Մխիթարյանը. Արխիվային լուսանկար
Հայաստանի հավաքականի նախկին ավագը կոչ է արել քայլեր ձեռնարկել մարդկության դեմ ուղղված այս հանցագործությունները դադարեցնելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Միջազգային առաջնորդները պետք է ոտքի կանգնեն՝ օգտագործելու բոլոր հնարավոր քաղաքական գործիքները տարածաշրջանում ռազմական գործողություններին վերջ դնելու համար։ Այս մասին իր X–ի միկրոբլոգում գրել է Հայաստանի հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։
«Այս սարսափի ֆոնին մեզ անհրաժեշտ է Լաչինի միջանցքով անհապաղ մոբիլիզացնել հումանիտար օգնությունը և միջազգային դիտորդական առաքելությունների տեղակայել մարդկության դեմ ուղղված այս հանցագործությունները դադարեցնելու համար»,– գրել է նա:
Նա հիշեցրել է, որ 10 ամիս տևած շրջափակումից հետո՝ սեպտեմբերի 19-ին, ադրբեջանական զինուժը սկսեց գնդակոծել Լեռնային Ղարաբաղը։ Այս ամենը նրան հիշեցրել են պատմության ամենամութ էջերը։
«Մենք չենք կարող հետ բերել անցյալի վայրագությունների զոհերին, բայց մենք դեռ ժամանակ ունենք կանխելու ցեղասպանությունը Լեռնային Ղարաբաղում»,– գրել է նա։
Վերջում նա հավելել է, որ երեխաներն իրավունք ունեն խաղաղ ապրելու իրենց հայրենիքում։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Բազմաթիվ բռնի տեղահանված արցախցիներ արդեն 2 օր է տեղափոխվում են ՀՀ։