Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

Բռնի տեղահանված արցախցիների համար ՀՀ–ում բուժօգնությունն անվճար կլինի. նախարարություն

Պետական պատվերի շրջանակներում կտրամադրվի նաև դեղորայք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար Հայաստանի Հանրապետությունում բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացվելու են պետական պատվերի շրջանակներում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջաահության նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ խոսքը վերաբերում է նաև հիվանդանոցային բուժօգնությանը։
«Ըստ կարիքի` անձը կարող է դիմել կեցության վայրին մոտ գտնվող առողջության առաջնային պահպանման բժշկական կազմակերպություն (ամբուլատորիա, պոլիկլինիկա, կանանց կոնսուլտացիա) կցագրվելու նպատակով»,– նշված է հաղորդագրության մեջ։
Կցագրումն արդեն հիմք կդառնա սահմանված ծավալներով պետական պատվերի շրջանակներում բուժօգնությունից օգտվելու, այդ թվում` ամբուլատոր պայմաններում անվճար դեղեր ստանալու համար:
Նշենք, որ վերջին 3 օրվա ընթացքում ԼՂ–ից բռնի տեղահանվածների թիվը հասել է 19.000–ի։ Նրանցից ավելի քան 2500–ը ՀՀ–ում ապահովվել են կացարանով։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը, 2–րդը` սեպտեմբերի 25–ին Իվանյանում։