Ավելի քան 28 ժամ ճանապարհին. շուրջ 50 քաղաքացի մեկ բեռնատարով են Արցախից հասել Կոռնիձոր

Կոռնիձորում բոլոր արցախցիներին օգնում են ԿԽՄԿ աշխատակիցները` տրամադրելով սնունդ, առաջին օգնություն և այլն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտից և Մարտակերտի շրջանից շուրջ 50 քաղաքացի մեկ բեռնատարով են հասել ՀՀ Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղ։ Sputnik Արմենիայի թղթակիցը հայտնում է, որ նրանք ավելի քան 28 ժամ ճանապարհ են անցել անձրևի և ցրտի պայմաններում։
Բեռնատարով ժամանած շուրջ 50 անձանցից 15-ը երեխաներ են։
Կոռնիձորում բոլոր արցախցիներին օգնում են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները` առաջին օգնություն են ցուցաբերում, սնունդ տրամադրում, փոքրիկներին նաև հյութ, թեյ և քաղցրավենիք տալիս։
Նշենք, որ վերջին 3 օրվա ընթացքում ԼՂ–ից բռնի տեղահանվածների թիվը հասել է 19.000–ի։ Նրանցից ավելի քան 2500–ը ՀՀ–ում ապահովվել են կացարանով։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը, 2–րդը` սեպտեմբերի 25–ին Իվանյանում։