ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Արցախում` Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին, վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով սեպտեմբերի 26-ի 22:00-ի դրությամբ «Ստեփանակերտի դատաբժշկական փորձաքննության բյուրոյի» կողմից հաստատված մահերի թիվը 68 է։ Տեղեկությունը հայտնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
«21-ի ինքնությունը պարզ է, մյուսներինը՝ ոչ»,– գրել է նա ֆեյսբուքյան էջում։
Նա նշել է, որ վիրավորում ստացած քաղաքացիների թիվը 290 է, որոնցից 168-ը այսօր տեղափոխվել են ՀՀ բժշկական հաստատություններ՝ 96-ը՝ ՀՀ և ռուս խաղաղապահների ուղղաթիռներով, 72-ը՝ ՀՀ շտապօգնության մեքենաներով, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ։
Տեղեկատվական կենտրոններ ստացված զանգերի ամփոփ տվյալների համաձայն՝ պայթյունի հետևանքով ճակատագիրն անհայտ քաղաքացիների թիվը 105 է։
Տվյալների հավաքագրումը շարունակվում է։
Հիշեցնենք, որ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, սեպտեմբերի 25-ին տեղի է ունեցել ուժեղ պայթյուն, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։
Սոցիալական ցանցերում տեսանյութեր էին հայտնվել, որտեղ երևում էր հզոր պայթյունը։ Նշվում էր, որ 100 տոննա տարողությամբ ցիստեռն է պայթել։