ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Արցախի Հանրապետությունից 125 աճյուն է տեղափոխվել Հայաստանի Հանրապետություն։ Ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Այսօր մենք կարողացել ենք աճյունների տեղափոխման հարցը լուծել։ Հաջորդիվ կսկսվեն նաև նույնականացման աշխատանքները։ 125 աճյուն է տեղափոխվել Հայաստան` դատաբժշկական փորձագիտական կենտրոններ։ Մյուս տվյալներն էլ հաջորդիվ կներկայացնենք»,– ասաց Ավանեսյանը։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը, 2–րդը` սեպտեմբերի 25–ին Իվանյանում։
Սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, տեղի ունեցավ ուժեղ պայթյուն, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։
Ականատեսների խոսքով` ավելի քան 100 մարդ է ողջ–ողջ այրվել, ըստ պաշտոնական տվյալների՝ 20 մարդ է մահացել, 290–ը` վնասվածքներ ստացել։