Ուսանողները որպես կամավոր կներգրավվեն ԼՂ–ից տեղահանվածների աջակցության ծրագրերում. ԿԳՄՍՆ

Ուսանողները որպես կամավոր կներգրավվեն ԼՂ–ից տեղահանվածների աջակցության ծրագրերում
Արդեն կամավորական խմբեր են ձևավորվել ԵՊՀ–ում ու ԵՊՄՀ–ում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ԲՈՒՀ–երի ուսանողները որպես կամավորներ կներգրավվեն Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների աջակցությանն ուղղված ծրագրերում։ Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։
ԿԳՄՍ նախարարությունը շրջաբերական գրություն է ուղարկել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավարներին՝ առաջարկելով իրենց ջանքերն ուղղել Լեռնային Ղարաբաղի բնակչության օգնության կազմակերպմանը:
Մի շարք բուհեր արդեն սկսել են հավաքագրել կամավորական աշխատանքներում ներգրավվելու ցանկություն ունեցող ուսանողներին՝ աշխատանքները կազմակերպելու համար՝ կարիքների գույքագրումից, անհրաժեշտ տեղեկատվական և այլ կարգի աջակցությունից մինչև մասնագիտական աջակցություն:
Նախարարությունից հայտնում են, որ հորդորին արդեն միացել է Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանը։
«Ձևավորվել է երկու խումբ՝ կազմված ուսանողներից և դասախոսական անձնակազմից: Ուսանողներից կազմված խմբերում նախևառաջ ընդգրկվել են մագիստրատուրայի և բակալավրիատի ավարտական կուրսերում սովորողներ, որոնց հիմնական մասն արդեն նաև աշխատում է մասնագիտությամբ ու ունի բավականաչափ փորձառություն»,– ասված է հաղորդագրությունում:
Ինչ վերաբերում է դասախոսական անձնակազմից և վարչական աշխատակիցներից կազմված խմբերին, ապա նրանք նաև նեղ մասնագիտական աշխատանքներ կիրականացնեն, հատկապես հոգեբանական ծառայություններ:
Կամավորական խմբեր են ձևավորվում նաև Երևանի պետական համալսարանում: Այստեղ աշխատելու են տարբեր ուղղություններով՝ հումանիտարից մինչև տեղեկատվական։ Ակնկալվում է ձևավորել աշխատանքային խմբեր 6 ուղղությամբ՝ կացարանների բանկ, հումանիտար աջակցություն և լոգիստիկ հարցեր, իրավական հարցեր, հոգեբանական աջակցություն, տեղեկատվական կենտրոն, փաստահավաք խումբ։
Կամավորների հավաքագրման աշխատանքներ սկսելու մասին հայտարարություններով են հանդես եկել նաև բարձրագույն ուսումնական մյուս հաստատությունները։