Սամանտա Փաուերն ու Նիկոլ Փաշինյանը քննարկել են ԼՂ հայերին աջակցելու հնարավորությունները

Սամանտա Փաուերն ու Նիկոլ Փաշինյանը քննարկել են ԼՂ հայերին աջակցելու հնարավորությունները
Սամանթա Փաուերը ՀՀ վարչապետին հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իրեն և իր պատվիրակությանը գործուղել է ՀՀ` ընդգծելու ԱՄՆ-ի խորը նվիրվածությունը Հայաստանի սուվերենությանն ու տարածքային ամբողջականությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանտա Փաուերի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում է եղել ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Զրուցակիցները քննարկել են ԼՂ-ում ստեղծված հումանիտար իրավիճակը, ԼՂ հայերին աջակցություն ցուցաբերելու հնարավորությունները։
Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաններին տեղեկացրել է, որ այս պահին Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտման գործընթացը շարունակվում է։
«Այն հենց հիմա տեղի է ունենում, և դա շատ ողբերգական փաստ է։ Մենք փորձում էինք միջազգային հանրությանը տեղեկացնել, որ այս էթնիկ զտումը տեղի է ունենալու, բայց, դժբախտաբար, մեզ չհաջողվեց այն կանխել»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։
Սամանտա Փաուերն ու Նիկոլ Փաշինյանը քննարկել են ԼՂ հայերին աջակցելու հնարավորությունները
Սամանտա Փաուերը ՀՀ վարչապետին հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իրեն և իր պատվիրակությանը գործուղել է ՀՀ` ընդգծելու ԱՄՆ-ի խորը նվիրվածությունը Հայաստանի սուվերենության, տարածքային ամբողջականության և ժողովրդավարության հանդեպ։
«Այս այցի ընթացում մենք, իհարկե, կենտրոնացած ենք կոնկրետ ճգնաժամի, Լեռնային Ղարաբաղի մարդկանց մարդասիրական կարիքների, Լեռնային Ղարաբաղից փախուստի դիմած մարդկանց մարդասիրական կարիքների վրա։ Կարծեմ մոտ 5000 մարդ է անցել Հայաստան այսօր, և մենք իսկապես շատ լուրջ ենք վերաբերվում մեր պատասխանատվությանը՝ կենտրոնացնել ռեսուրսները, ինքներս մեզ, որպեսզի աջակցենք տեղական ինքնակառավարման մարմիններին՝ կեցության վայրեր և այլ աջակցության միջոցներ գտնելու գործում, բայց նաև խթանել, որ այլ երկրները նույնպես անեն նույնը»,– ասել է նա։
Փաուերը նշել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կշարունակեն աշխատել թե՛ ՀՀ–ի, թե՛ Ադրբեջանի կառավարության հետ՝ երկրների միջև տևական խաղաղության հասնելու ուղղությամբ։