Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

ԼՂ–ում խաղաղապահներին է հանձնվել մոտ 435 հազար միավոր զինամթերք. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման վայրում շարունակում է մնալ 675 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 408 երեխա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
«Ի կատարում ռազմական գործողությունների դադարեցման մասին ձեռք բերված պայմանավորվածությունների` Ղարաբաղի զինված ուժերը շարունակել են ռուս խաղաղապահների հսկողության տակ գտնվող զենքի և ռազմական տեխնիկայի հանձնումը։ Սեպտեմբերի 25-ի դրությամբ առաքվել է 8 միավոր զրահատեխնիկա, ավելի քան 37 միավոր հրետանային զենք, հակատանկային զենք, ավելի քան 3200 միավոր հրաձգային զենք, մոտ 435 հազար զինամթերք»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է ՌԴ խաղաղապահներն ուղեկցել են Լաչինի միջանցքով Ստեփանակերտից Հայաստան խաղաղ բնակիչներով երեք շարասյուն։
Ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման վայրում գտնվում է 675 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 408 երեխա։ Կազմակերպվել է նրանց տեղավորումը, սննդով ապահովումն ու բժշկական օգնության տրամադրումը:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը։ 2–րդ հանդիպումը կայացել է սեպտեմբերի 25–ին Իվանյանում։