ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. ԼՂ–ում իրավիճակի կարգավորման հարցում գլխավորն այն է, որ հնարավոր լինի խուսափել Կովկասում երրորդ կողմերի ներկայացվածությունից, որոնք խաղաղարար ներուժ չունեն։ Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Գլխավորն այն է, որ պետք է ամեն կերպ խուսափել Կովկասում երրորդ կողմերի փորձերից, որոնք ապարդյուն, առանց միջնորդական համար առկա ներուժի ուզում են ամրագրել իրենց ներկայությունը»,– ընդգծել Է Պեսկովը:
Ինչպես նշել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղարը, դա դժվար թե նպաստի իրավիճակի հանգուցածումանը, սակայն «եթե ինչ-որ մեկը կարող է օգնել նվազեցնել լարվածության մակարդակը, օգնել նոր իրականության մեջ ԼՂ–ի հայ բնակչության ինտեգրմանը, դա կարելի է միայն ողջունել»: Ըստ Պեսկովի` դրա համար, սակայն, անհրաժեշտ է բոլոր կողմերի համաձայնությունը։
Միաժամանակ նա ընդգծել է, որ Ռուսաստանը կշարունակի աշխատել ԼՂ–ում հայ բնակչության իրավունքների պաշտպանման ուղղությամբ։
«Հայաստանը մնում է մեր դաշնակիցը, մեզ մտերիմ պետություն։ Հայերը մեզ հարազատ ժողովուրդ են. դուք գիտեք, որ մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան ամբողջ Հայաստանում։ Զգալիորեն ավելի շատ: Մենք շարունակելու ենք կատարել մեր գործառույթները, շարունակելու ենք երկխոսությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Կշարունակենք նրա հետ աշխատել նաև, որպեսզի պաշտպանվեն ԼՂ բնակիչների բոլոր իրավունքները, նկատի ունենք ղարաբաղցի հայերին»,– ասել է Պեսկովը։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը։ 2–րդ հանդիպումը կայացել է սեպտեմբերի 25–ին Իվանյանում։