Ինչպես են ՌԴ խաղաղապահներն արցախցիներին ուղեկցում Ստեփանակերտ. տեսանյութ

Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես են մարդիկ խաղաղապահների օգնությամբ բարձրանում մեքենաներ։
Sputnik
ՌԴ խաղաղապահները շարունակում են ուղեկցել Մարտակերտի, Ասկերանի և Մարտունու խաղաղ բնակիչներին, որոնք տեղափոխվում են Ստեփանակերտ։
«ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ Մարտունու շրջանից 70 մարդ է հասցվել Ստեփանակերտ»,– ասված է հաղորդագրությունում։
Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես են տարեցները խաղաղապահների օգնությամբ բարձրանում մեքենաներ։
Նշենք, որ Արցախից բռնի տեղահանված անձինք շարունակում են ժամանել Գորիսի մշակույթի կենտրոն։
Նրանց տեղավորում են Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի հյուրանոցներում։ Բոլոր քաղաքացիներին տրամադրվում են առաջին անհրաժեշտության իրեր` սնունդ, տաք հագուստ, մանկական տակդիրներ և այլն։
ՀՀ կառավարության հայտնած վերջին տվյալներով՝ ժամը 06:00-ի դրությամբ Արցախից ավելի քան 2900 անձ է մուտք գործել Հայաստան։ Հավելենք, որ Արցախից տեղահանվածների առաջնային հաշվառումն ու կարիքների գնահատումն իրականացվում է Սյունիքի Կոռնիձոր համայնքի մոտակայքում գտնվող կետում։
Նշենք, որ Արցախից տեղահանվածների առաջնային հաշվառումն ու կարիքների գնահատումն իրականացվում է Սյունիքի Կոռնիձոր համայնքի մոտակայքում գտնվող կետում։
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ բնակիչների տարհանումն իրականացվում է ըստ առաջնահերթության։ Առաջին փուլում տարհանվում են նրանք, ում բնակավայրերը ռազմական վերջին գործողությունների հետևանքով անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Առաջնահերթ ցանկում են Մարտակերտի շրջանի գյուղերը։ Ստեփանակերտի բնակիչների տարհանման մասին դեռ որոշում չկա։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։