Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

ԱՄՆ–ում ցանկություն ունեն ԼՂ հարցով միջազգային առաքելություն ստեղծել. Պետդեպի խոսնակ

Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը հայտնել է, որ այդ առաքելությունը հետևելու է, որ տարածաշրջանի բնակիչների իրավունքները պահպանվեն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի - Sputnik. ԱՄՆ-ն մտադիր է Լեռնային Ղարաբաղի հարցով միջազգային առաքելություն ստեղծել, որը կհետևի տարածաշրջանի բնակիչների իրավունքների պահպանմանը: Այս մասին այսօր ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետական դեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը, գրում է ՏԱՍՍ–ը։
«Մենք իսկապես կարծում ենք, որ պետք է լինի միջազգային առաքելություն, որը կապահովի Լեռնային Ղարաբաղի բնակիչների և միջազգային հանրության վստահությունն առ այն, որ նրանց իրավունքներն ու անվտանգությունը պաշտպանված են, ինչպես որ հայտարարել է Ադրբեջանը»,-ասել Է Միլլերը:
Միլլերն ասել է, որ դաշնակիցների և գործընկերների հետ աշխատում են այյդ ուղղությամբ։
Նա նշել է, որ ներկա պահին ակտիվ քննարկումներ են ընթանում նման առաքելության վերաբերյալ, և որ ԱՄՆ-ն ստեղծված իրավիճակում առավել կարևոր է համարում հրադադարի ռեժիմի պահպանումը, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մարդասիրական կարիքների վրա ուշադրություն դարձնելը և Հայաստանի ու Ադրբեջանի կողմից խաղաղության մասին երկարաժամկետ համաձայնության ձեռքբերումը:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը։ 2–րդ հանդիպումը կայացել է սեպտեմբերի 25–ին Իվանյանում։