Զոհվածի հորը կալանավորեցին Հովիկ Աղազարյանին հարվածելու համար

Եռաբլուրի միջադեպից հետո քրեական վարույթ է նախաձեռնվել ֆիզիկական ներգործության և խուլիգանության հատկանիշներով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Լևոն Գալստյանի հորը` Արմեն Գալստյանին 2 ամսով կալանավորեցին։
Որոշումը կայացվեց Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Կարեն Պարխոյաին նախագահությամբ։
Դատարանը բավարարեց նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում քննիչի ներկայացրած միջնորդությունը։
Արմեն Գալստյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանն իր ֆեսբուքյան էջում որոշ մանրամասներ է ներկայացրել նրա որդու զոհվելու հետ կապված։
«Արմեն Գալստյանը ստիպված է եղել իր որդուն հուղարկավորել 2 անգամ` մեկ անգամ հուղարկավորել է գոտկատեղից ներքև, մեկ անգամ` գոտկատեղից` վերև, ընդ որում` Լևոն Գալստյանի գլուխը մինչև այսօր չի հայտնաբերվել»,– ասաց Հովհաննիսյանը։
Նա շեշտեց, որ իշխանության հրամանով իրականում վարչական տուգանք նախատեսող հոդվածով որոշում է կայացվել կալանքի տակ վերցնել զոհված զինծառայողի հորը։
Հիշեցնենք` սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Հովիկ Աղազարյանի, Հակոբ Ասլանյանի և զոհված զինծառայողների ծնողների միջև տեղի ունեցած միջադեպից հետո ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-սեբաստիա շրջանների քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ։ Արմեն Գալստյանին ձերբակալեցին միջադեպի ժամանակ պատգամավոր Հովիկ Աղազարյանի դեմքին հարվածելու համար։
ՔԿ–ում այս գործով քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։